NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը. Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելությունների,Երկրում ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Հաջորդ տարի՝ Արարատի գագաթին

1951թ. հիթ-շքերթները գլխավորած Ռոզմարի Քլունիի «Come on-a My House» («Արի իմ տուն») երգը ամերիկյան մի գեղեցիկ օր գրել էին զարմիկներ Ռոսս Բաղդասարյանը («Ալվինը եւ բուրունդուկները» խմբի հիմնադիր) եւ անմահ գրող Վիլյամ Սարոյանը: Երգը, որի մեղեդին հայկական ժողովրդական երգից է սերում, բարեկամական շփման կոչ է ամենասուրբ վայրում՝ տանը, որը լի է տորթերով, կոնֆետներով, ծիրանով, եւ, իհարկե, նռով: 

Ձմեռ է, Նոր տարին սարերի հետեւում չէ: Տերեւներն ավելի մուգ կարմրավուն երանգ են ստացել՝ օր օրի ավելի մոտենալով շագանակագույնին: Արարատն ավելի ոգեշնչող տեսք է ստացել:

Երկրի օձիքին կցված վեհանձն գլխով՝ այն անխռով բազմել է հնագույն գահին՝ Երկրի վրա, որտեղ առաջացել եւ բազմացել են ժողովուրդները: Նրա աննշմար ձյունե թագի ստվերը երեւում է Հաղթանակ կամրջից մինչեւ Սեւանի ափեր ընկած Ճանապարհին, ինչպես նաեւ Շիրակի դաշտերի եւ Աշտարակի ճաղատացող հողատարածքների երկայնքով ընթանալիս: Այն խոյանում է քաղաքի վրա՝ որպես երբեմնի կատարված, ինչպես նաեւ  ապագայում հնարավոր դեպքերի հիշեցում:

Հայերի մեծ մասի հետ զրուցելիս թվում է, որ Նոր տարվա օրերը համընդհանուր լացուկոծի շրջան են. այս շրջանը նրանց համար ավելի մռայլ է, ավելի ծանր, մշտապես ցուրտ է, յոթ օրվա ընթացքում խոզի բդի նույն մնացորդներն են տեսնում, նրանց վարկի չափը վաղուց գերազանցել է սպասվող դրամական հոսքերի ծավալը, իսկ փողոցներում մարդկանց դեմքերը խոժոռվում են: Ցուրտը խեղդում է անկեղծությունը՝ այն վերածելով ավելի քան շտապողական կիսաժպիտի, իսկ գազի տագնապալի միացումն ու անջատումը նյարդային կտտում է մարդկանց ուղեղում:

«Նոր տարուն արի մեր տուն» հրավերը անհարմար բեռ է թվում, որը կրում են բոլոր կողմերը՝ անկախ նրանից՝ դա ծիսական լաց է, թե հանդիսություն, թե շարքային «կառուսել», ինչն իրականում բնութագրում է հայկական Նոր տարին (այն տները, որտեղ մարդ է մահացել կամ երեխա է ծնվել, պետք է այցելել առաջին հերթին): Այցերը սկսվում են ժամը տասի սահմաններում եւ շարունակվում գրեթե մինչեւ լուսաբաց:

Նոր տարվա ժամը մեկից հետո պատրաստ եղեք նրան, որ ցանկացած ոք կարող է այցելել:

Ավստրալիայում մեր ամենամյա «ես քեզ, դու ինձ»-ն արտացոլվում է Սուրբ ծննդի եւ «նվերների ցուցակում». ում (պարտադիր) նվեր գնել, ինչ գնել. այս հարցերին հապճեպ պատասխան գտնում են դեկտեմբերի 25-ից մեկ շաբաթ առաջ (տարվա վերջին 350 օրերին մոռանալով, որ «առավել օրհնյալ է տալը, քան ստանալը»): Այս ամբողջ կրքերը եւ շտապողականություն ամփոփվում են նվերների հանդիսավոր բացման գծուծ րոպեներով եւ համատեղ կերուխումով (ամեն ինչի համար պետք է հատուցել հաջորդ ամսվա աշխատավարձի մեծ մասով):

Տարվա վերջին շաբաթվա ընթացքում հայ քեռիները, հայրերն ու պապիկները պատրաստվում են մեծ տոնի՝ կազմելով մթերքների ճշգրիտ հաշվարկած ցուցակը, իսկ տարվա վերջին օրը կանայք արթնանում են վաղ առավոտյան՝ պատրաստվելու նվիրական օրվան (օր, որը կամ քողարկված, կամ բացահայտ ափսոսանք է ծնում):

Հյուրերն անընդհատ գալիս եւ սեղան են նստում, իսկ «պասուց տոլման» եւ բլիթները հայկական սեղաններին կուտակվում են, ինչպես խաղատների սեղաններին ֆիշկաները:

Պարսիկ փիլիսոփա եւ ինքնուրույն իր ալկոհոլիկի ախտորոշումը աշխարհում առաջիններից մեկը տված Օմար Խայամը կիսաճշմարիտ եզրահանգում է արել.

Ահա, Նոր տարին վերածնում է բոլոր հին հույսերը

Խոհերով լի հոգիս մենության գիրկն է մխրճվում:

Օմարի խոսքերի այս  երկրորդ տողի հետ համամիտ չեմ: Հայաստանում Նոր տարվա սկիզբը դժվար թե ինչ-որ մենություն բերի:  Այս համընդհանուր կերուխումից հետո (նաեւ ընթացքում) կենացներն ավետում են տարվա գալուստը, որը, հուսով ենք, նման կլինի այս տարվան կամ՝ ավելի լավը կլինի: Ալկոհոլը լցվում եւ խմվում է ավելի խճճված խառնուրդների տեսքով, քան մանրամասն թվարկված է Վենեդիկտ Երոֆեեւի «Մոսկվա-Պետուշկի» պոեմում: Լուսավոր եւ պայծառ Նոր տարվա առաջին օրը ձեր ստամոքսը պատերազմ է հայտարարում լյարդին՝ լցվելով տարբեր աղբյուրներից սերված անհասկանալի ապուրով՝  ռագու, որը ձեր կոյուղին երբեք չի տեսել, բայց, անշուշտ կողջունի հունվարի 1-ի օրվա երկրորդ կեսին:

Խմելուն ուղեկցող մաղթանքները տարբերվում են էմոցիոնալությամբ, տեւողությամբ եւ անկեղծությամբ, բայց, այնուամենայնիվ, կենացը հայկական Նոր տարվա անքակտելի մասն է. ձեր մուտքը տանտիրոջ բնակարան դիտարկեք որպես ստորագրություն, իսկ կենաց ասելը՝ որպես պայմանագրային պարտավորության կատարում:

«Հաջորդ տարի՝ Երուսաղեմում (կամ, ավելի շուտ, «Հաջորդ տարի՝ վերակառուցված Երուսաղեմում», ինչպես կասեին Իսրայելում բնակվող հրեաները). Սա կարեւորագույն կենաց է, որն ավանդաբար ամփոփում է Զատկի  տոնը (հրեական ծես, որը խորհրդանշում է Եգիպտոսից իսրայելցիների հրաշալի ելքը): Րաբբի Հարթմանն ասել է. «Հույսի գավաթը լցվում է ամեն տարի: Զատիկը անխոհեմ երազների գիշեր է, այն մասին տեսիլքների, թե ինչ կարող է լինել մարդը, ինչ կարող է լինել հասարակությունը, ինչ կարող են  լինել մարդիկ, ինչ կարող է դառնալ պատմությունը»:

Արդյոք Արարատը հայկական Երուսաղե՞մն է: Կարծում եմ՝ այո, նույնիսկ եթե պատասխանը խորհրդանշական իմաստի է հանգում: Թեեւ այդ արժեքը ֆիզիկապես ձեռք բերել հնարավոր չէ, փակ սահմանին այդքան գայթակղիչ մոտ գտնվելով՝ մշտապես հիշեցնում է ամենաանմարդկային եւ ամենակործանարար անարգանքի մասին, նաեւ սերունդներին դրդում է, որպեսզի իրենց փոխանցվածից ավելին ստեղծեն: Նրա ներկայությունն ամենակա եւ գերիշխող է, նկատելի յուրաքանչյուր պատուհանից, քաղաքային ցանկացած հրապարակից, կամուրջից, ճանապարհից կամ Հայաստանի մենավոր փողոցի ցանկացած անկյունից: Արարատը շատ ավելին է, քան Ֆրանկ Վեսթերմանի «Արարատ» գրքում տրված  «դիցաբանական լեռ» բնութագրումը: Շատ ավելին է, քանի որ միավորում է մտքերը, ուրախությունները եւ ժողովրդին:

Մեր ժամանակի ոգու՝ «ապրիր ներկայով» խելագարությամբ համակված՝ մենք չպետք է արհամարհենք անցյալն ու ապագան. Դրանք ուղենիշներ են ու անգամ արդարացում մի փոքր մարտնչող լինելու համար:

Թեեւ րաբբի Հարթմանի խոսքերը գրեթե բացառապես ուղղված են ապագային, դրանք մատնանշում են նաեւ ներկայում մեր գործողությունները եւ մտքերը, քանի որ հենց դրանք են որոշում մեր վաղվա օրը: Այնպես որ՝ հաջորդ տարի Արարատի գագաթին: Եվ շնորհավոր Նոր տարի:

Արիանա Կաոիլի

Հոդվածի բնօրինակն անգլերենով կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ