Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելը ու մաքսային տուրքերի թարմացումը կհանգեցնեն նրան, որ մեզ մոտ ապրանքների գների նվազում կարող է տեղի ունենալ: Այս մասին հունվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ եթե նախկինում գազը տնտեսում էին, ապա արդեն նկատելի է, որ այն բավականին հանգիստ է օգտագործվում: «Դա դրական երեւույթ է: Եթե ՄՄ-ն դառնա մեր կենսագործունեության ապագա ձեւաչափ, ապա պարզ է, որ կկարողանանք շատ ավելի մեծ եկամուտ ստանալ: Մենք հիմնականում գործ ենք ունենալու կարգավորված ճոճանակաձեւ արտագաղթի հետ»,-ընդգծել է Ադիբեկյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու ԵՄ կապերը եւս հետեւողականորեն կամրապնդվեն: Ըստ նրա, Հայաստանին պետք են նորագույն տեխնոլոգիաներ՝ հիմնականում կրթության ոլորտում: «Կրթությունը մեր ամենախոցելի տեղն է: Մեր կրթական համակարգը համաշխարհայինից հետո է մոտ 50 – 60 տարով»,-նկատել է Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում՝ նախագահ Սարգսյանի այցելության ընթացքում: