Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաեւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում «Հայաստան» տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել են ՌԴ, ԱՊՀ եւ Եվրոպայի տարբեր քաղաքներ:

Պուշկինի հրապարակում բացված «Հայաստան» տոնավաճառն այցելուներին առաջարկել է հայկական բազմատեսակ արտադրանքներ, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք եւ այլ մթերքներ:  Ի դեպ, հայկական տոնավաճառում տեղադրվել էր նաեւ հայկական ավանդական թոնիր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ: 

Փառատոնի պաշտոնական կայքի կազմակերպած հարցումներով «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է «Հայաստան» տոնավաճառը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, շնորհակալություն հայտնելով հայկական տոնավաճառի կազմակերպիչներին մասնակցության եւ արձանագրած հաջողության համար, ընդգծել է, որ «Հայաստան» տոնավաճառն իսկապես առանձնահատուկ էր իր կոլորիտով:

Մոսկվայի քաղաքապետը ՌԴ մայրաքաղաքում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է  հանձնել պատվավոր մրցանակը: Փառատոնում պատվավոր առաջին եւ երկրորդ մրցանակներին, համապատասխանաբար, արժանացել են «Ժամանակակից Մոսկվա» եւ «Եվրոպայի քաղաքներ» տոնավաճառները: