«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ամփոփելով 2013 թվականի գործունեությունը` դրական է գնահատել Ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝ կարեւորելով հատկապես Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները:
Այս մասին նա ասել է այսօր՝ հունվարի 9-ին, ընդլայնված խորհրդակցության ընթացքում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշելով, որ «Հրազդան-5»-ի շահագործումը լուրջ բազային ռեսուրս է «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության ծրագրերում դինամիկ զարգացում ապահովելու համար, Վ. Հարությունյանը հանձնարարել է հետեւողական աշխատանքներ տանել եւ համապատասխան ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:
Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել եւ ներկայացնել 2013թ. հաշվետվությունները:
Վարդան Հարությունյանը հանգամանորեն ներկայացրել է Ընկերության 2014 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2013 թվականին իրականացրած աշխատանքներն ու արձանագրած ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2014թ. տեմպերը լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ:
Կարեւորելով գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի վերանորոգման եւ արդիականացման ուղղությամբ, ինչպես նաեւ Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման նպատակով անհրաժեշտ միջոցառումները, Վ. Հարությունյանը Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում առաջնահերթ է համարել այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը եւ շահագործման որակի բարձրացումը:
Նշվել է նաեւ, որ եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված գազափոխադրման համակարգն աշխատում է զգալի ծանրաբեռնվածությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում արվում է ամեն ինչ՝ համակարգը բնականոն շահագործելու, մատակարարման ռեժիմները կարգավորելու ուղղությամբ՝ սպառողներին անխափան գազամատակարարում ապահովելու եւ հնարավոր տեխնիկական վթարներից խուսափելու համար:
Վ. Հարությունյանը հանձնարարել է շարունակել ձմռան շրջանի հետ կապված պլանային աշխատանքները եւ հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին, գազամատակարարման անվտանգության պահանջներին:




























