Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտը ծանր կացության մեջ է գտնվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշել է կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը՝ նշելով հիմնական պատճառները:
«2010թ.-ից սկսած, կերի եւ այլ գործոնների թանկացմամբ պայմանավորված՝ տեղական հումքի գինն աճել է 50 տոկոսով, իսկ միջազգային շուկայում՝ կարագի ու չոր կաթի գինը՝ էլ ավելի մեծ չափով: Հույս ունենալով, որ հումքի գները կվերադառնան նախկին մակարդակին Հայաստանում արտադրողները մշտապես զսպել են կաթնամթերքի գնաճը ներքին ռեսուրսների եւ վարկերի հաշվին, մինչդեռ ԱՊՀ եւ եվրոպական երկրներում կաթնամթերքը, հումքի գնաճին համաչափ, տարեցտարի թանկացել է՝ արդյունքում 40-50 տոկոսով բարձր լինելով հայաստանյան գներից: 2013թ. կաթի 25 տոկոս, չոր կաթի 55 տոկոս ու կարագի 29 տոկոս թանկացումները, ցույց տվեցին, որ այս միտումն արդեն վտանգավոր բնույթ է կրում, իսկ գների անհամաչափ ցածր մակարդակի արդյունքում կաթնամթերքի արտադրության ոլորտը շարունակում է մնալ վնասաբեր»,- նշել է Բունիաթյանը:




























