Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ խիստ հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման նկատմամբ:
Նշենք, որ Երեւանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն յուրաքանչյուր տնտեսվարող տարվա բոլոր եղանակներին պարտավոր է մշտապես մաքուր, բարեկարգ եւ խնամված պահել իր օբյեկտի հարակից տարածքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների վերաբերյալ սխեմաների համաձայն ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կարգը սահմանում է, որ տնտեսվարողները պետք է իրականացնեն նաեւ տեղացած ձյան ամենօրյա մաքրում, տեղումների ընդհատման ընթացքում էլ մայթերի ասֆալտբետոնե ծածկերի եւ (կամ) սալիկապատված հատվածների ձյան ու սառույցի կուտակումներից ամբողջությամբ մաքրում:
Հիշեցնենք, որ պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացող տնտեսվարողները օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Թերությունները չվերացնելու դեպքում պատասխանատուներն իրավասու են կրկին արձանագրություն կազմելու:




























