«Դ!եմ եմ» նախաձեռնությունը ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի հունվարի 16-ին կազմակերպվում է իրազեկման ավտոերթ Հանրապետության հրապարակում։ Այս մասին նշված է նախաձեռնության facebook-ի էջում: 

Նախաձեռնության տարածած հաղոդագրության մեջ ասվում է.

«Երթի նպատակը՝

ՀՀ քաղաքացիներին կուտակային կենսաթոշակների օրենքի եւ հունվարի 18-ի հավաք-երթի մասին իրազեկումը մարդաշատ վայրում, օգտագործելով յուրահատուկ մեթոդ՝ մասնակցություն ցուցաբերել անձնական մեքենաներով եւ տաքսիներով, որը կգրավի հանրության ուշդրությունը։

Երթեւեկման կարգը՝

Հարգելի ՀՀ քաղաքացի, երթին մասնակցելու համար հարկավոր է հունվարի 16-ին, ոչ շուտ եւ ուշ քան ճիշտ ժամը 8:30-ին, մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ եւ երթեւեկել օրենքով սահմանված կարգով մինչեւ ժամը 10։00-ը։ Խնդրում ենք չուշանալ։ Հրապարակում խցանում առաջանալու դեպքում հարկավոր է ուղղակի սպասել մինչեւ 10։00-ը։ Հարկավոր է ունենալ բավարար քանակության վառելիք խցանումներում երթեւեկելու համար։

Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության եւ Հայաստանի Հանրապետության դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել «Դ!եմ եմ» թիմի անդամներին։

Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում՝ հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին եւ նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ մտնելու համար՝ ամենակարճ ուղղով մինչեւ 10։00-ը»:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին 4 ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացվի ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի: