«Կրպակ» առեւտրային ցանցը «Սթարի» հետ առնչություն չունի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կրպակ» ցանցի բաժնետերերից մեկը՝ ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը։

Հիշեցնենք, Երեւանում անցյալ տարեվերջին հայտնվեց մանրածախ առեւտրի նոր ցանց` «Կրպակ» անունով, որի խանութները տեղակայված են բացառապես այն տարածքներում, որոնք նախկինում զբաղեցրել է «Սթար» սուպերմարկետների ցանցը:

NEWS.am-ը տեղեկություններ ուներ, որ Արման Սահակյանը հանդիսանում է ցանցի բաժնետերերից մեկը: Մամուլում լուրեր հայտնվեցին նաեւ, որ «Սթարը» ձեռք է բերվել «Կրպակի» սեփականատերերի կողմից եւ անվանափոխվել: NEWS.am-ի հետ զրույցում Արման Սահակյանը հայտնեց, որ ինքը հանդիսանում է «Կրպակի» բաժնետերերից մեկը` հավելելով սակայն, որ իր մասնաբաժինը սահմանված կարգով հանձնել է հավատարմագրային կառավարման: Արման Սահակյանը նաեւ ասաց, որ «Կրպակը» նոր ցանց է, որի խանութների տարածքները համընկնում են «Սթարի» նախկին տարածքների մի մասի հետ, ինչն ամենեւին չի նշանակում, որ «Կրպակը» «Սթարի» հետ առնչություն ունի: Նա նկատեց նաեւ, որ «Սթարի» նախկին տարածքների որոշ մասն էլ այլ ցանցերի կողմից են զբաղեցվել:

Խոսելով ցանցի գործունեության եւ զարգացման ծրագրերի մասին, Արման Սահակյանը տեղեկացրեց, որ այն լինելու է «թարմ, մատչելի եւ սպառողին մոտ» ձեւաչափով գործող խանութների ցանց: Նշենք, որ ներկայում գործում է 8 «Կրպակ» Երեւանի տարբեր մասերում, եւ եւս մեկը` Հրազդան քաղաքում:

Mինչեւ պատգամավոր ընտրվելը Սահակյանը ղեկավարել է «Սովրանո» ընկերությունը, որը զբաղվում է լայն սպառման մի շարք ապրանքատեսակների ներմուծմամբ եւ դիստրիբուցիայով՝ տեղ զբաղեցնելով Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում: