Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիներից շատերին տարբեր պատճառաբանություններով, կամ առանց պատճառաբանության թույլ չեն տալիս մտնել Ռուսաստանի Դաշնության տարածք եւ հետ են ուղարկում հենց սահմանից։

«Ասացին՝ դիմեք դեսպանատուն, կպատճառաբանեն, դեսպանատանն ասացին՝ մենք ոչինչ չենք կարող ասել, այդ հարցերով մեզ այլեւս չդիմեք»,- NEWS.am-ին պատմեց Աշոտ Ալեքսանյանը, որին հունվարի 10-ին հետ են ուղարկել Ռուսաստանի սահմանային անցակետից։

«Ես մեքենայով էի գնում: Հայաստանի սահմանն անցնելիս ոչ մի խնդիր չեղավ, բայց Ռուսաստանի սահմանից արդեն շատերին էին հետ ուղարկում: Միայն մի ժամում 10 հոգու չթողեցին, որ սահմանն անցնի: Անձնագրիս տվյալները գցեցին ցանց, ասեցին՝ մինչև 2016թ. իրավունք չունես մտնել Ռուսաստան: Մարդ կար՝ իրեն ասեցին մինչև 2015թ.: Ամենակարևորը, որ ոչ մի բան չպատճառաբանեցին՝ ինչու չեն թողնում»,- պատմեց Աշոտ Ալեքսանյանը:

Ռուսաստանից մեկ ամիս առաջ Հայաստան եկած երիտասարդը պատմեց, որ մուտքի արտոնագրի ժամկետը ստիպված է եղել երկարացնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը՝ երկու ամիս ուշացումով: Կարծում է, որ հենց այդ պատրվակով իրեն թույլ չեն տալիս անցնել սահմանը, թեեւ նախկինում էլ է նման խնդիր ունեցել, բայց սահմանն անարգել անցնել է։

Ալեքսանյանը պատմեց, որ իր ծանոթներից շատերն են վերջին շրջանում նման խնդիրներ ունեցել։ Այն մասին, որ Ռուսաստան գնալու իրավունք չունեն, մարդիկ իմանում են միայն մաքսակետ հասնելուց հետո, ոմանք Հայաստանում հանգիստ օդանավ են նստում, բայց արդեն Ռուսաստանի օդանավակայանից նրանց հետ են ուղարկում։ Օդանավի տոմսի արժեքն այդ դեպքում ավիաընկերությունը չի փոխհատուցում։

Ավիաընկերություններից մեկի աշխատակիցը, որը խնդրեց չհրակարակել իր անունը, NEWS.am-ին ասաց, որ պատահում է՝ հենց իրենք, նախօրոք իմանալով, որ այդ մարդուն Ռուսաստանում չեն ընդունի, թույլ չեն տալիս, որ գնա, բայց դրա մասին իմանում են միայն թռիչքից մեկ օր առաջ, եւ այդ դեպքում ավիատոմսի արժեքի միայն մի մասն են վերադարձնում։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում օրենքների կրրառման նման խստացումը պայմանավորված է փետրվարի 7-ից 21-ը Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերով։