Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանեց եվրոպական ինտեգրման ուղղությունը, այդ խնդիրը դադարեց լինել երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Այս մասին հունվարի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի շնորհիվ ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի հետ ներկայումս զիջում են նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ նրանց հարաբերություններին: «Մենք որեւէ փաստաթուղթ չունենք, որով կարողանանք համագործակցել ԵՄ-ի հետ, փաստաթուղթ, որն ուղեցույց կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Առաջիկայում սպասվում է, որ նոր փաստաթուղթ է մշակվելու, սակայն վստահ կարելի է ասել, որ վերջինս նվազ հավակնոտ եւ բարենպաստ կլինի Հայաստանի համար», - նշել է Կարապետյանը՝ ցավ հայտնելով, որ այդ ուղղությամբ բավական մեծ աշխատանք էր տարվել, իսկ այժմ ամեն ինչ պետք է զրոյից սկսել: 

Խոսելով ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման մասին՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել են, որ դեռ չեն սահմանվել ՄՄ Հայաստանի անդամակցության ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ հատվածները: 

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ՄՄ-ին անդամակցելու  եւ հետագայում էլ եվրասիական ինտեգրմանն աջակցելու Հայաստանի որոշման մասին: ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն ստորագրվել էր դեկտեմբերի 24-ին: