Ժամանակակից ծխախոտները նախկիններից էլ ավելի մեծ հավանականությամբ կարող են թոքերի քաղցկեղ եւ այլ հիվանդություններ առաջացնել: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկ Բորիս Լուշնյակի զեկույցում:
«Այժմ ծխողներին թոքերի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ վտանգ է սպառնում, քան այն ժամանակներում, երբ 1964թ. հրապարակվել էր գլխավոր սանիտարական բժշկի առաջին զեկույցը, չնայած որ հիմա մարդիկ ավելի քիչ են ծխում», - մեջբերվում են Լուշնյակի խոսքերը, հայտնում է «Ինտերֆաքսը:»
Հրապարակված զեկույցում ընդլայնվել է ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների ցանկը: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ ծխելը կարող է առաջացնել նաեւ կուրություն, շաքարախտ, հաստ աղիքի եւ լյարդի քաղցկեղ, թոքերի բորբոքում, իմպոտենտություն, արթրիտ եւ դիմադրողական համակարգի թուլացում:
Բացի դրանից, պասիվ ծխողների մոտ ավելանում է սրտի կաթվածի հավանականությունը, նշվում է զեկույցում:
Բժիշկը նշել է, որ 2014թ. ծխելու հետ կապված հիվանդություններից կմահանա կես միլիոն մարդ: Ըստ նրա տվյալների՝ ամեն օր 3200-ից ավելի մարդ ծխում է իր առաջին ծխախոտը:
Եթե ոչինչ չփոխվի, ապա ներկայիս երեխաների եւ դեռահասների 5,6 միլիոնը մեծ տարիքում կմահանան ծխելուց առաջացած հիվանդություններից, նախազգուշացրել է Լուշնյակը:
Ներկայումս ԱՄՆ-ում ծխում է մարդկանց 18%-ը, իսկ 1964թ. ծխում էին 42%-ը:
Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-ի բժշկական ասոցիացիայի ուսումնասիրության, Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ երկրի բնակչության արական սեռի ծխողների քանակությամբ:




























