Իտալիայում երիտասարդ միանձնուհին երեխա է ունեցել եւ կոչել է նրան Հռոմի գործող պապի պատվին:
Հռոմից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռիետի քաղաքի մենաստանի քույրերը միանձնուհուն պաշտպանում են լրագրողներից: Ինչպես հայտնել են հիվանդանոցում, միանձնուհին ծննդաբերել է առողջ տղայի 3 կգ քաշով, որին Ֆրանցիսկոս է կոչել: Այդ անվամբ վերջին ժամանակներում հաճախ կոչում են նորածիններին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին:
Հայտնի է, որ կինը 32 տարեկան է, ծնունդով Սալվադորից: Իտալիայում ապրում է 16 տարեկանից, նրա հետ նույն մենաստանում է գտնվում նաեւ հարազատ քույրը: Երեխային տվել են մոր ազգանունը, հոր մասին ոչ ոք երբեւէ որեւէ բան չի լսել:
Միանձնուհիներից մեկի խոսքով՝ ոչ վաղ անցյալում կինը հայրենիքում է եղել: Սակայն վերադառնալուց հետո ոչինչ չի պատմել ու վերջին ժամանակներում հաճախ էր մեկուսանում աղոթքով: Շտապօգնություն կինն ինքն է կանչել, միանձնուհիները ոչինչ չեն կասկածել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մենաստան ղեկավարությունն ու թեմը իրարանցման մեջ են: Ռիետիի եպիսկոպոսն ասել է, որ «գայթակղությանը չդիմակայած» քույրը կհեռացվի մենաստանից, սակայն եկեղեցին պատրաստ է օգնել նրան երեխայի դաստիարակության սկզբնական շրջանում:




























