Գլուխկոտրուկների եւ խաչբառերի պարբերական լուծումը կարող է դանդաղեցնել ծերունական թուլամտությանզարգացումը եւ բարելավում է տարեց մարդկանց ուղեղի աշխատանքը: 10 տարվա հետազոտություններն ապացուցել են «ուղեղի մարզումների» դրական ազդեցությունը թոշակառուների ինքնազգացողության վրա: Նման եզրակացության են եկել Ջոնս Հոփքինսի համալսարանի բրիտանացի գիտնականները:
Մասնագետները 74 տարեկան հասակի 2800 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Մասնակիցներին բաժանել են 4 խմբի, որոնք տարբեր առաջադրանքներ են կատարել: Առաջին խմբում մարզում էին տեղեկատվության մշակման արագությունն ու կենտրոնացումը առաջադրանքի վրա, երկրորդում՝ հիշողությունը, երրորդում՝ տրամաբանական մտածողությունը, չորրորդ խումբը ստուգման համար էր, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:Երեք խմբերի մասնակիցները գիտնականների առաջադրանքով լուծում էին խաչբառեր, հանելուկներ, ռեբուսներ, գլուխկոտրուկներ: Նրանք 6 շաբաթվա ընթացքում 60-70 րոպե տեւողությամբ 10 պարապմունքի են մասնակցել, որից հետո առաջադրանքները տանն էին կատարում: Իսկ գիտնականները հետեւել են փորձի մասնակիցներին 10 տարի շարունակ:
Արդյունքում պարզվել է, որ խաչբառերի ու հանելուկներ սիրահարների 60 տոկոսն ավելի հեշտ էր հաղթահարում ամենօրյա գործերն ու չէր նկատում մտավոր գործողությունների վատթարացում: Բրիտանացի հետազոտողները եզրակացրել են, որ խաչբառերի լուծումն ակտիվացնում է տարեց մարդու ուղեղն ու պաշտպանում նրան ծերունական թուլամտությունից:



























