Ամերիկյան Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքից Ռիչարդ Հաջինս անունով մի վարսավիր որոշել է ամբողջ տարին բոկոտն անցկացնել՝ հանրության ուշադրությունը աղքատների խնդիրների վրա հրավիրելու համար, որոնք կոշիկ գնելու գումար չունեն:
«Երբ դեկտեմբերի 4-ին սկսեցի մարաթոնս, անմիջապես ձյուն տեղաց, եւ մտածեցի, որ որոշածս չեմ կարող իրագործել: Սակայն հանկարծ անանուն ինչ-որ մեկը իմ հիմնադրամին 5 դոլար նվիրաբերեց, ինչն ինձ ուժ հաղորդեց, եւ ահա մոտ 50 օր է բոբիկ եմ շրջում՝ չվախենալով ձյունից ու անձրեւից», - նրա խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաջինսի խոսքով՝ քաղաքի բնակչությունը տարբեր վերաբերմունք ունի իր նախաձեռնությանը:
«Ոմանք սկսում են ծիծաղել եւ կատակել: Ոմանք հետաքրքրվում են՝ արդյոք օգնության կարիք չունեմ: Բոլորին բացատրում եմ իմ վարքի նպատակը եւ որպես կանոն նրանք ինձ հասկանում են», - ասել է նա:
Արդեն հավաքված գումարի չափը Հաջինսը չի հրապարակել, սակայն ուրախ է, որ իր մասին խոսում են, ուրեմն՝ մարդիկ ուշադրություն են դարձնում իր բարձրացրած հարցին:. «Այն, ինչով հիմա զբաղվում եմ, անհավանական բարդ է, ոտքերս ահավոր ցավում են: Միաժամանակ հասկանում եմ, որ կյանքիս ամենալավ արարքն եմ գործում»,- նշել է Հաջինսը:



























