Անհավատալի է հնչում։ Այսպես է Financial Times-ի հոդվածագիր Մոնիկա Էլենան սկսել հայկական արտադրության պլանշետներին նվիրված իր հոդվածը։ Հիշեցնելով, որ Հայաստանը երկու կողմից փակ սահմաններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, արտահանման ծավալները շատ փոքր են, տնտեսությունը մենաշնորհային է եւ ժողովուրդը ապրում է հիմնականում արտասահմանյան տրանսֆերտներով, հոգվածագիրը գրում է, որ Հայաստանի տնտեսության ապագան բազմաթիվ հարցեր է ծնում։ «Արդյո՞ք այդ հարցերի պատասխաններից մեկը կարող է լինել պլանշետի տեսքով»,- հարցնում է հոգվածագիրը։

Գաղափարը, ըստ հոդվածի հեղինակի, թերեւս այնքան էլ անհավանական չի հնչում, եթե հաշվի առնենք, որ մինչեւ անկախությունը Խորհրդային Սիլիկոնյան հովիտ հռչակված Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով ավելի շատ գիտնական ու մասնագետ էր հաշվվում, քան խորհրդային մյուս երկրներում, իսկ խորհրդային պաշտպանական ու տիեզերական համակարգերի բարձր տեխնոլոգիական համակարգիչների ու էլեկտրական սարքավորումների մոտավորապես 30 տոկոսն արտադրվում էր Երեւանում կամ դրա մերձակայքում։

Հայաստանի կառավարությունը, ըստ հոդվածագրի, այժմ հույս ունի, որ նոր կյանք ստացած ՏՏ արտադրությունը ցամաքային փոքրիկ այս կովկասյան ազգը կվերածի էլեկտրոնային հասարակության։ 2012թ. տվյալով Հայաստանում ՏՏ ոլորտի մոտ 360 ընկերություն կա գրանցված, որոնց միջին տարեկան աճը 23 տոկոս է՝ համաձայն «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տվյալների։ Ոլորտի եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 3.32 տոկոսը, իսկ երկրից արտահանման ընդհանուր ծավալում ոլորտի մասնաբաժինը 8 տոկոս է։ Յուրաքանչյուր տասներորդ ընկերությունն ունի 1 մլն դոլարից ավելի շրջանառություն։ Վերջին հինգ տարիներին զգալիորեն աճել է փոքր ընկերությունների թիվը, որոնց եկամուտը չի գերազանցում  100,000 դոլարը, ու չնայած դրանց ազդեցությունը արդյունաբերության ընդհանուր ցուցանիշների վրա մեծ չէ, դրանց թվի աճը շուկայի դինամիկ զարգացման ազդանշան է։

Հոդվածագրի խոսքով՝ թեեւ Հայաստանի ցուցանիշները Հնդկաստանի հետ համեմատած շատ փոքր են, բայց բավարար են միջազգային կորպորացիաների ուշադրությունը գրավելու համար։ «Ոլորտում մեծ է մրցակցությունը, ինչն անսովոր է Հայաստանի համար, որի տնտեսության 20 տոկոսը, Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն, մենաշնորհային է, որն ամենաբարձր ցուցանիշն է նախկին արեւելյան բլոկի երկրներում։ Երկրի տնտեսության երկու երրորդը վերահսկում են օլիգոպոլիաները։ Սակայն դեռեւս վաղ է խոսել այն մասին, որ Երեւանը կդառնա հաջորդ Հայդերաբադը։

Հոդվածագիրը, հղում անելով «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, գրում է, որ հայաստանյան ՏՏ ընկերությունների հիմնական խնդիրը միջազգային շուկաներ մտնելն է. «Շատ միջազգային գործընկերներ կամ չգիտեն Հայաստանի մասին, կամ էլ չեն վստահում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրի ներկայացուցիչներին»։

2012թ. Հայաստանը 120 մլն դոլարի ՏՏ ծրագրեր ու ծառայություններ է արտահանել՝ հիմնականում ԱՄՆ, Կանադա եւ ԵՄ երկրներ։ Ըստ հոդվածագրի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը թեեւ կասեցրեց Հայաստանի առաջընթացը դեպի ԵՄ ասոցացման համաձայնագիր, սակայն մյուս կողմից՝ ՏՏ ոլորտին հնարավորություն տվեց խթանել արտահանումը Ռուսաստան եւ նախկին խորհրդային հանրապետություններ։

Ենգիբարյանի խոսքով՝ ԱրմԹաբը որակյալ պլանշետ է, որն ունի հետաքրքիր կոշտ դիսկ եւ ինովացիոն դիզայն։ «Ես արդեն տեսնում են այն Բելառուսի եւ Ղազախստանի շուկաներում»,- ասել է Ենգիբարյանը։

Հիեցնենք, որ դեկտեմբերին Technology and Science Dynamics ընկերությունը հայտարարեց առաջին հայկական պլանշետի եւ սմարթֆոնի արտադրության մասին։ Եվ «Արմթաբը», եւ «Արմֆոնը» աշխատում են «Անդրոիդ» համակարգով, դիզայնը մշակվել է Երեւանում, պլանշետները հավաքվելու են Հոնգկոնգում եւ ԱՄՆ-ում։ Մանրածախ վաճառքում դրանք կհայտնվեն 2014թ. վերջին։