Նախորդ դարի 90-ական թվականներին սիցիլիական մաֆիան Պիզայի հայտնի թեք աշտարակը պայթեցնելու պլաններ էր մշակում: Այս մասին հայտնել է նախկին մաֆիոզ Ջոակինո Լա Բարբերան, որը հիմա ցուցմունքներ է տալիս դատարանում: Նա ժամանակին ոստիկանության ինֆորմատոր էր դարձել, իսկ այժմ դատական գործընթացում որպես վկա է հանդես գալիս, որի ընթացքում պարզվում է մաֆիայի կապը Իտալիայի պետական մարմինների հետ:
Նրա խոսքով՝ Պիզայի աշտարակը ոչնչացնելու ծրագիրը ձախողվել է միայն այն պատճառով, որ ոստիկանությունը հայտնաբերել է այդ նպատակի համար նախատեսված պայթուցիկը:
Այդուհանդերձ, մոտավորապես նույն ժամանակ մաֆիային հաջողվել է պայթյուն կազմակերպել Ֆլորենցիայի Ուֆիցի հայտնի պատկերասրահում, որի հետեւանքով զոհվել էր 5 մարդ եւ վնասվել մի քանի անգին կտավներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համարվում է, որ 1990-ականներին պայթյունների շարքով «Կոզա Նոստրան» ցանկանում էր Իտալիայի հասարակությանը ցույց տալ, որ իր ազդեցությունը դուրս է եկել Սիցիլիայի սահմաններից:




























