Հայ ազգային կոնգրեսի կողմից գազի սակագնի բարձրացման դեմ Վարչական դատարան ներկայացված հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի իրավաբանական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանը: «մեզ ասել են, որ երբ որոշում լինի, Ձեզ տեղյակ կպահենք, բայց դեռ որոշում չկա»,- նշեց նա: Իսկ ահա Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն ասել է, որ վաղը` ապրիլի 15-ի առավոտյան նոր միայն կարող են տեղեկատվություն հայտնել դրա վերաբերյալ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այդ որոշումը չի կայացվում, քանի որ Երեւանից բացակայում է վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ապրիլի 7-ին հայց է ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում է չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման վերաբերյալ: Այդ նախաձեռնությանը միացել են 7230 քաղաքացիներ, որպես համահայցվորներ: Հայցը հանձնելուց հետո անցել է մեկ շաբաթ եւ այսօր պետք է վարչական դատարանը որոշում կայացներ, սակայն դեռ որոշումը չկա:
Նշենք նաեւ, որ ՀԱԿ-ը սակագների բարձրացման դեմ երթ է կազմակերպել, որը տեղի կունենա ապրիլի 16-ին` ժամը 12-ին: Այն Գարեգին Նժդեհի հրապարակից կշարժվի դեպի Վարչական դատարան:




























