Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ Սամսունում հարձակման ենթարկված` քրդական կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքի հետ:
2009-ի դեկտեմբերին Թուրքիայի Սահմանդրական դատարանի կողմից փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը հայտնել է, որ իրեն զանգահարել է նախագահ Գյուլը, ով ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ: Ահմեդ Թուրքը նշել է, որ Գյուլը շնորհակալություն է հայտնել իրեն` ցուցաբերած ողջախոհ պահվածքի համար:
Նշենք, որ Սամսունում ընթացող դատավարությանը որպես դիտորդ հետեւելիս են եղել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (փակված «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցության որոշ պատգամավորներ եւ փակված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը, ում Թուրքիայի Սահմանադրական դատարանը 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ:
Դատական նիստի ավարտից հետո Ահմեդ Թուրքը մի խումբ անձանց կողմից ենթարկվել է հարձակման հենց դատարանի դիմաց եւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության:




























