Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 9-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի բացման արարողությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին` վարչապետը հրապարակել է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ:

Շնորհավորանքի իր խոսքում Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ սոցիալական խնդիրները, որ այսօր ծառացած են ոստիկանության աշխատակիցների առաջ, գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ այն դրական միտումները, որոնք այսօր առկա են ոստիկանության աշխատանքներում, ի վիճակի ենք ամրապնդել: Հավաստիացնում եմ, որ կառավարությունը ջանք չի խնայի ձեզ համար ստեղծելու աշխատանքի բարենպաստ պայմաններ: Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ ոստիկանության մի շարք ծառայողների հանձնել է ոստիկանության բարձրագույն կոչումներ եւ պետական պարգեւներ: