Սբ. Հարության տաճարում երկու մարդու վրա կրակած Հարավային Սախալինի բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել:

Քննության տվյալով՝ կրակոցների պահին նա ալկոհոլային հարբածության վիճակում է եղել, հայտնել են Սախալինի Քննչական վարչությունից:

Հաղորդվում է, որ տղամարդն առայժմ չի բացատրել արարքի շարժառիթները: Նրա մեղսունակությունը որոշելու համար հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրացանով զինված տղամարդը կիրակի ցերեկը ներխուժել էր Քրիստոսի Հարության տաճար եւ անկանոն կրակ բացել: Ստացած վերքերից տեղում մահացել էին միանձնուհի Լյուդմիլան եւ եկեղեցու այցելուներից մեկը:   Եվս վեց մարդ վիրավորվել էր, նրանց մեծ մասը ոտքերի վնասվածք էին ստացել: 

Կրակողը 1989թ. ծնված տղամարդ է` մասնավոր թիկնապահական ընկերության աշխատակից: Նա չէր փորձել փախչել դեպքի վայրից եւ ձերբակալվել էր  հերթապահ մասի ոստիկանների կողմից: Ըստ վարկածներից մեկի` ձերբակալվածը Սերգեյ Կոմարովն է:

Նշվում է, որ  երիտասարդը վերջերս  հետաքրքրվել էր նեոհեթանոսական կրոնական ուսմունքներից մեկի գրականությամբ, որն անհանդուրժողական է այլ կրոն դավանողների նկատմամբ: Գործակալության զրուցակիցը չի բացառել նաեւ, որ կատաղության նոպան կարող էր առաջացած լինել տեւական ընկճախտի հետեւանքով, որը նկատել էին իր ընկերները եւ հարազատները:   

Ըստ երեց Վիկտոր Գորբաչի` կրակողը եկեղեցում իրեն ագրեսիվ է պահել, ծիծաղել հավատացյալների վրա եւ ծաղրել հավատքը:

Թիկնապահական ընկերությունում, որտեղ աշխատել է Կոմարովը, «նա աչքի ընկնող աշխատակից է եղել: Բնականաբար, նա հոգեբանական զննում է անցել, եւ առողջական ոչ մի շեղում նրա մոտ չի նկատվել», - գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանում տղամարդը վանքում սպանդ է կազմակերպել