Փետրվարի 10-ին Քալիֆորնիայում մահացել է ամերիկացի դերասանուհի, հին Հոլիվուդի աստղ Շիրլի Թեմփլը: Նա 85 տարեկան էր, մահացել է «բնական մահով», հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Դերասանուհին հայտնի էր դարձել դեռ մանուկ հասակում: Առաջին դերը նա խաղացել է երեք տարեկանում՝ 1932թ.:  Միջազգային ճանաչում է ստացել 1934թ.:

1935թ. Թեմփլը դարձել է ամերիկյան կինոակադեմիայի երիտասարդական մրցանակն ստացած առաջին դերասանուհին:

Դերասանուհին մեծ ճանաչում է ստացել երաժշտական կինոնկարներով:

1939թ. Շիրլի Թեմփլին նկարել է Սալվադոր Դալին: Նկարիչը կտավն անվանել է «Շիրլի Թեմփլ՝  իր ժամանակի կինոյի ամենաերիտասարդ եւ սուրբ հրեշը»: Նկարում աղջիկը պատկերված է սֆինքսի տեսքով, որի շուրջ մարդկային ոսկորներ են թափված, իսկ գլխին չղջիկ է նստած: 

Դերասանուհին շատ է նկարահանվել 1940-ականներին, սակայն դեռահաս տարիքում ռեժիսորների եւ պրոդյուսերների հետաքրքրությունը նրա նկատմամբ նվազել է: 1950 թ. 22-ամյա Թեմփլը հայտարարել էր իր կարիերայի ավարտի մասին: 1958թ.  նա կարճ ժամանակով վերադարձել է հեռուստատեսություն՝ որպես հաղորդավարուհի, սակայն կինոյում այլեւս չի նկարահանվել: