Արցախյան շարժման առաջին օրերից հրազդանցիների «Կոճոռ» կամավորական ջոկատի կազմում մարտի դաշտ մեկնած եւ Շուշիի ազատագրմանը մասնակցած փոխգնդապետ Ռուբիկ Գալստյանը այսօր նախընտրում է իր մարտական անցյալից պատմել ամենաուրախ դրվագները։

Արտաքին նմանության պատճառով մարտընկերները նրան «Չաուշ» մականունն էին տվել։ Հպարտությամբ պատմում է, որ ազգային հերոսի հետ իր նմանությունը նկատել է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Մի օր թակեցի սպարապետի դուռը, նայեց, երեւի անմիջապես նմանեցրեց ու ասաց՝ ներս արի, Չաուշ»:

1992թ. ապրիլի 24-ին 14 հոգանոց ջոկատի հետ թաքստոցներում էին լուսացնում։ Թշնամու դիտակետում անգամ հումորը չէին կորցնում.

«Մեր թաքստոցը ձորի բերանին էր, ու երբ դուրս էի գալիս, ձորում տարբեր դատարկ տարաներ ու աղբ էր թափված: Տղաներիս ասացի,որ ձորի բերանին ծառի ճյուղեր տնկեն,որ չտեսնեմ աղբը: Դե գիտեք, որ հրազդանցիներին «քոռ ախտեցի» են ասում: Էս Սևանի ու Ստեփանավանի ջոկատների տղերքը որ տեսան ծառի ճյուղերը, կատակեցին` թե «քոռերը ծառի ճյուղեր են տնկել, որ չընկնեն ձորը»։

Այդ օրերին էր,որ հրամանատար Կոմանդոսից ցուցումներ ստացան։ Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հրետանու ռմբակոծությունից հետո անցան հարձակման.

«Մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին…Ղազանչեցոց եկեղեցում անդադար պարում էինք`ի նշան մեր մեծ հաղթանակի»,-ասում է Չաուշը`վստահեցնելով, որ այսօր էլ  նույն ջոկատով պատրաստ են կրկնել Շուշիի հրաշքը։