Պետությունը փորձում է Որոտանի կասկադի ուղղությամբ իրականացված ներդրումների սակագնային ազդեցությունը մեղմել: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանն է հնչեցրել:

Նրա խոսքով, նմանատիպ խնդիրներ այլ վարկային ծրագրերի շրջանակում եւս եղել են, օրինակ` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագծով Սեւան-Հրազդան կասկածի արդիականացման եւ Միջազգային զարգացման ճապոնական գործակալության կողմից նախաձեռնված` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 110 կՎ լարվածությամբ 17 ենթակայանների վերանորոգման ծրագրերը:

«Հուսով ենք, որ կասկադի նոր սեփականատերը եւ գերմանական KfW բանկը համաձայնության կգան: Մենց ձգտում ենք, որ այս ծրագիրն էլ նախորդների սխեմայով իրականացվի` ներդրումների սակագնային ազդեցությունը մեղմելու նպատակով», - հայտարարել է փոխնախարարը:

Որոտանի կասկադ ՀԷԿ-ը 3 ենթակայաններից է բաղկացած` Սպանդարյանի (հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Փակ բաժնետիրական ընկերության 100 %-անոց սեփականատերը, մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից  ձեռնարկությունը 180 մլն ԱՄՆ դոլարի դիմաց ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու մասին նոյեմբերի 27-ի որոշման կայացումը, Հայաստանի կառավարությունն էր հանդիսանում:

Որոտանի կասկադ ՀԷԿ-ի կողմից թողարկվող էլեկտրաէներգիայի սակագինը վերջին երեք տարիներին նշանակալիորեն աճել է. 2013թ. այն առանց ԱԱՀ-ի մեկ կՎտ.ժ-ի դիմաց 6,8 էր կազմում (2010թ.` ընդամենը 0,96 դրամ):

Կասկադի վերանորոգման համար KfW բանկը 2010թ. 51մլն եվրոյի չափով վարկ է տրամադրել հայկական կողմին: