Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերն ընդգծել է, որ  ԵՄ խորհրդատվական խումբը  շարունակելու է աջակցել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին:

ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն ներկայացրել է համագործակցության ընթացքը՝ անդրադառնալով արձանագրված արդյունքներին եւ հետագա քայլերին:

Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել արտաքին պետական պարտքի կառավարման, առեւտրի տեխնիկական խոչընդոտների հաղթահարման եւ մաքսային ոլորտի խնդիրներին:  Խոսվել է Ազգային Ժողովի հետ ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կարեւորվել է նաեւ հաղորդակցության ոլորտում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

ՀՀ պետական գերատեսչություններին կից գործող ԵՄ խորհրդատվական խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով համապատասխան պետական մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքների մասին եւ ներկայացրել ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ: