Հայ ազգային կոնգրեսի պետական-իրավական հարցերի հանձնախումբը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխություններին:

«Ազգային ժողովի օրակարգում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության եւ ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) Ստեղծել աշխատողի եւ գործատուի միջեւ բանավոր աշխատանքային պայմանագրի ինստիտուտ.

բ) Աշխատանքային օրենսգրքից ամբողջությամբ հանել հղի կանանց եւ երեխային խնամող աշխատողների համար երաշխիքներ սահմանող նորմերը.

գ) Ստեղծել աշխատողների ներկայացուցիչների ինստիտուտ, որոնք փոխարինելու են արհմիութենական կազմակերպություններին.

դ) Գործատուին տալ իր նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու հնարավորություն ՝ այլ աշխատողի սահմանադրական իրավունքի խախտման պատրվակով.

ե) Հանել աշխատանքային նվազագույն տարիքի սահմանափակումը.

զ) Նվազեցնել ամենամյա վճարովի արձակուրդի տեւողությունը:

Մենք դատապարտում ենք ընչազուրկ եւ իրավազուրկ հասարակության ստեղծմանն ուղղված այս քայլերը, որոնցով վարչախումբը օրենքի մակարդակի է բարձրացնում ճորտատիրական համակարգին բնորոշ իրավահարաբերություններ»,- ասված է հայտարարության մեջ: