Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վենետիկում քննարկել են այն կետերը, որոնք բանակցությությունների ընթացքում չեն ընդունվում հայկական կողմից, ինչպես նաեւ հետագա գործողությունները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Մամեդյարովի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաեւ այն կետերը, որոնք ներկայացված են թարմացված «Մադրիդյան սկզբուքներում»:
Մամեդյարովի կարծիքով, «հայկական կողմից նորացված մադրիդյան սկզբունքների չընդունումը պայմանավորված է ոչ թե լեզվական, այլ հայեցակարգային դժվարությունով: «Եթե հայկական կողմից հայեցակարգային որոշում լինի, ապա հարցը կարող է տեղից շարժվել: Եթե ողջ ժամանակ փորձեր լինի ինչ-որ բանից կառչելու, ապա կլինեն դժվարություններ»,-ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանը, նրա խոսքերով, պատրաստ է շարունակել բանակցություները նորացված սկզբունքներով, որպեսզի կարողանա ձեռք բերել համաձայնեցված ընդգրկուն խաղաղ պայմանագիր:
«Մեզ հիմա պարզ է, թե տեքստի որ մասում է դժվարություններ առաջանում: Սակայն իմ անձնական կարծիքն այն է, որ այստեղ ոչ թե լեզվական, այլ հայեցակարգային դժվարություն է»,-նշել է Մամեդյարովը: Ադրբեջանցի նախարարի խոսքով, Մինսկի խմբի համանախագահները փաստաթուղթը Աթենքում ներկայացնելով՝ հույս ունեին, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը դրականորեն կարձագանքեն այդ փաստաթղթին, քանի որ երկու տարվա աշխատանքի արդյունքը կար եւ կողմերի միջեւ հանդիպումներ էին տեղի ունենում ինչպես արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ նախագահների:
«Ցավոք հայկական կողմը վերջին պահին ասաց, որ նա ունի որոշակի դժվարություներ»,-ասել է Մամեդյարովը:
Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հետագայում էլ հանդիպել, եթե հայկական կողմը անկեղծ ցանկություն ունենա առաջ շարժվելու: Մամեդյարովի խոսքով, իրենք ցանկություն ունեն շարունակելու բանակցությունները, եթե նմանատիպ ցանկություն ունի նաեւ հայկական կողմը:
«Չի կարելի հնարավորություն տալ նրանց, ովքեր չեն ուզում խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ցանկանում են ձախողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: Քաղաքական գործիչների պատասխանատվությունն է ընդհանուր կետեր եւ լեզու գտնել երկրների եւ ժողովուրդների միջեւ»,-ասել է Մամեդյարովը:
Արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը փորձել է կապ հաստատել եւ համագործակցել Արցախի հայկական եւ ադրբեջանական համայնքերի միջեւ: Պատահական չէ, որ Ադրբեջանը առաջիններից մեկը հանդես եկավ այս նախաձեռնությամբ»:
«Փիլիսոփայությունն այստեղ շատ պարզ է, չի կարելի պարզապես վերցնել քո տարածքը եւ մեկնել Մարս կամ Լուսին: Ամեն դեպքում, պետք է գտնել ընդհանուր լեզու հարեւանների հետ եւ որքան արագ, այնքան լավ: Սա կլինի ոչ թե հօգուտ տնտեսության, այլ հասարակ մարդկանց»,-ամփոփել է նա:


























