Կառավարության շենքի մոտ այսօր՝ օգոստոսի 14-ին, հավաքված մի քանի հարյուր եզդիները քիչ առաջ փակեցին Տիգրան Մեծ պողոտան եւ նստեցին ճանապարհի բանուկ հատվածում:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, եզդիներին բարկացրեց այն փաստը, որ կառավարությունից ոչ մեկը չիջավ ու իրենց հետ չհանդիպեց:
Այս պահին մեծ թվով ոստիկաններ փորձում են մարդկանց հեռացնել երթեւեկելի մասից: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանները հրելով եւ քաշքշելով հեռացնում են մարդկանց:
Նշենք, որ Հայաստանում բնակվող եզդիները պահանջում են ՀՀ կառավարությունից, որ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին օգնեն:
Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչեւ հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, հազարավոր մարդիկ էլ տեղահանվել է:





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























