«Իրենց հասցեին հնչող կոշտ քննադատություններին մեր ոստիկանությունը չի արձագանքում, բայց այս դեպքում որոշեց նեղանալ ու պարզաբանումներ տալ այն էլ` ինձ խրատներ տալու ձեւով», -հունիսի 16-ին հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսպես արձագանքեց ոստիկանությանը, որն իր հերթին արձագանքել էր Հովհաննիսյանի մեկ այլ հայտարարության։ Խոսքը խորհրդարանական ճեպազրույցներում անցած շաբաթ Վահան Հովհաննիսյանի արած հայտարարության մասին է:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ ոստիկանությունն արգելում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին՝ զբոսնել Ազատության հրապարակում, ՀՅԴ-ական գործիչը զարմանք էր հայտնել ոստիկանության տարածած հաղորդագրության վերաբերյալ, համաձայն որի «Ազատության հրապարակում զբոսնում են անհայտ մարդիկ»: «Այսինքն ի՞նչ, միայն հայտնինե՞րը իրավունք ունեն զբոսնելու կամ զբոսնողները պետք է բացեն անձնագրերը եւ ցույց տան տվյալնե՞րը, կամ բանտից ազատված լինելու տեղեկա՞նքը, որը նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ոստիկանության խնդիրը չէ զբոսանքները թույլատրելը կամ արգելելը»,- ասել էր դաշնակցականը։
Ոստիկանությունն էլ, օրերս պատասխանելով Հովհաննիսյանին, հայտնել էր, որ պատգամավորը աղավաղել է ոստիկանության հաղորդագրության տեքստը՝ խորհուրդ տալով պատգամավորին պաշտոնական հաղորդագրություններին հղում անելիս ավելի ուշադիր ու պատասխանատու լինել:
Այսօրվա՝ հունիսի 16-ի ասուլիսում Վահան Հովհաննիսյանը գրպանից հանեց ոստիկանության կայքէջից տպագրած հաղորդագրության տեքստն ու կարդաց. «Մայիսի 30-ին ժամը 19-ին կենտրոնի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 18-ին անհայտ անձինք փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ…»: Եթե ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ նշած լիներ, թե այդ անհայտ անձինք հասարակական կարգը խախտելու մասին վկայող ի՞նչ գործողություներ են արել, դիցուք՝ հարբած են եղել, կամ կանանց եւ երեխաներին են հրմշտել, այդ ժամանակ հաղորդագրությունը տարակուսանքի տեղիք չէր տա։
«Այստեղ հարցեր են առաջանում` իսկ ի՞նչ կա ոստիկանություն, զարմանալու, որ այդ անձը անհայտ է եւ ինչո՞ւ պետք է այդ անձինք հայտնի լինեն` այո՛, անհայտ անձինք իրավունք ունեն շրջելու քաղաքում»,-տարակուսեց Հովհաննիսյանը` միաժամանակ նշելով, թե կարիք չկա իրեն խրատներ տալ կամ նեղանալ իրենից, քանի որ երեք միլիոն հայ է ապրում երկրում եւ նրանց բոլորի դեմքերը պարտադիր չէ, որ ոստիկանությանը հայտնի լինեն։


























