Թուրքական «Milliyet» թերթը գրում է, որ էներգետիկայի ոլորտում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ օրերս ստորագրված համաձայնագիրը լրջորեն անհանգստացրել է Հունաստանին:
«Հունաստանը շոկի մեջ է» վերնագիրը կրող հոդվածում «Milliyet»-ը գրում է, որ պաշտոնական Աթենքը մտահոգված է փաստով, որ Մոսկվան ու Անկարան համաձայնել են «Հարավային հոսք» գազամուղի շինարարության շուրջ: «Խնդիրը նրանում չէ, որ Թուրքիան մասնակցելու է „Հարավային հոսք“-ին: Շատ ավելի կարեւոր է այն, որ Թուրքիան կարողացել է համոզել Ռուսաստանին, որը երկար ժամանակ անտարբեր էր Սամսուն-Ջեյհան նավթամուղի նկատմամբ, մասնակցել այդ նախագծին»,- գրում է թերթն ու հավելում, որ դեպքերի նման զարգացմամբ ամենից շատ մտահոգված է Հունաստանը:
«Հունական թերթերը գրում են, որ այդպիսի համաձայնագիրը փոխում է տարածաշրջանի էներգետիկ քարտեզը եւ դրանով, փաստորեն, Հունաստանը մեծ կախվածության մեջ է հայտնվում Թուրքիայից, որը կարող է ներգրավվել տարածաշրջանային բոլոր զարգացումներում»,- նշում է թուրքական թերթն ու ընդգծում, որ անգամ եվրոպական վերլուծաբաններն են նշում, որ թեեւ «Հարավային հոսքը» բացասաբար է անդրադառնալու «Նաբուկո» նախագծի իրականացման վրա, սակայն ԵՄ-Ռուսաստան այս «էներգետիկ շախմատում» ամենահաղթանակած կողմն այսօր Թուրքիան է:



























