Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հունիսի 22-ին հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, հայ-իտալական առնչությունների հարուստ պատմության հանրայնացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է համագործակցության մակարդակի բարձրացումը ներդրումային եւ մշակութային խոշոր ծրագրերի, ինչպես նաեւ փոխայցելությունների իրականացմամբ:
Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի ներկայիս իրավիճակը` մանրամասն անդրադարձ կատարելով ադրբեջանական վերջին հարձակմանը:
Ջիանֆրանկո Ֆինին իր հերթին նշել է Իտալիայի հավասարակշիռ մոտեցումը հիմնախնդրի նկատմամբ` ընդգծելով «խորհրդային ծանր ժառանգության» փաստն ու հայկական կողմի խոհեմ եւ հետեւողական քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Հայաստանի դեսպանը վերահաստատել է Ջիանֆրանկո Ֆինիի Հայաստան ացելելու հրավերը` հույս հայտնելով, որ այն զգալի խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար:


























