ՀՀ Կառավարությունը  օտարման նոր գոտի է սահմանել՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության շարունակության համար: Այդ որոշումը կայացվել է կառավարության նոյեմբերի 6-ի նիստի ժամանակ: Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի  ներկայիս երկգոտի հատվածները ընդլայնվելու են մինչեւ 4 գոտիների, իսկ ասֆալտապատ մայրուղին փոխարինվելու է բետոնով:

Հանրապետության հյուսիսում մինչեւ Շիրակի մարզ շարունակվող  մայրուղու աշխատանքները կիրականացվեն վարկային ծրագրի երրորդ տրանշով: Աշխատանքներն իրականացվում են առայժմ  Երեւան-Արտաշատ եւ Աշտարակ-Թալին սկզբնական հատվածներում:

 «Հյուսիս-Հարավ» քառագոտի մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ հեռավորությունը մինչեւ 500 կմ-ի՝ մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ ավելի ուղիղները կառուցելու հաշվին (Արարատ քաղաքից մինչեւ Սիսիանի մարզի Նորավան գյուղ՝ Վայոց ձորի մարզով, իսկ այդտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է (շուրջ 500 մլն դոլար):