Մեքսիկայի Իգուալա քաղաքում ուսանողների անհետացման գործով ձերբակալված մեղարյալները խոստովանել են շուրջ 40 երիտասարդի սպանությունը, հայտնել է Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլիո Քարամը:

Քննությունը կարծում է, որ մեղադրյալները հանցախմբերից մեկի անդամ են, նրանք հայտարարել են, որ սպանել են ուսանողներին, այնուհետեւ այրել նրանց մարմինները:

Մեքսիկայի իշխանությունները դեռ չեն ստացել զոհերի մնացորդների ԴՆԹ փորձագիտության արդյունքները, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Բողոքի ցույցերին ակտիվ մասնակցող ուսանողները անհետացել էին սեպտեմբերի վերջին՝ Հերերո նահանգի Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումից հետո:

Ըստ իշխանությունների վարկածի՝  նրանց առեւանգել էր ոստիկանությունը՝ ավելի ուշ հանձնելով տեղի հանցախմբերի  ղեկավարներին: Ցուցմունք տված ոստիկանները պնդում են, որ  ուսանողների վրա հարձակումը  «պատվիրել էր» քաղաքապետը, որին դուր չէր եկել  վերջիններիս  գործունեությունը:  Իգուալայի քաղաքապետը փորձել է փախչել քննությունից, սակայն երեքշաբթի ձերբակալվել է Մեխիկոյի ծայրամասում: