ԱՄՆ-ից քահանա Զաք Զենդերը 53 ժամ եւ 18 րոպե շարունակ քարոզ է կարդացել: The Cross Mount Dora կրոնական կազմակերպության ներկայացուցիչն այդ կերպ ցանկացել է գերազանցել Գինեսի գրքի երկարատեւ ելույթի նախորդ ռեկորդը:
Ըստ Lenta.ru-ի, Զենդերը քարոզը սկսել է նոյեմբերի 7-ի առավոտյան 7-ից՝ ավարտելով նոյեմբերի 10-ի կեսօրին: Հոգեւորականին ընդհանուր առմամբ ավելի քան 400 մարդ է լսել:
Քահանայի քարոզին հնարավոր է եղել հետեւել նաեւ առցանց, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքի միջոցով: Կայքի այցելուներին առաջարկել են նվիրատվություն կատարել՝ ի աջակցություն թմրամոլության դեմ պայքարող տղամարդկանց: Քարոզի ընթացքում ավելի քան 90 հազար դոլար է հավաքվել:
Աղբյուրը նշում է, որ Գինեսի ռեկորդների գրքի կանոնների համաձայն, Զենդերին թույլատրվել է յուրաքանչյուր ժամը մեկ 5 րոպե տեւողությամբ դադար վերցնել: Ամենաերկար ելույթի նախորդ ռեկորդակիրը Հնդկաստանից Վիկրանտ Մահայան է: Նա խոսել է 48 ժամ եւ 31 րոպե:





























