Քուվեյթի նավթի նախարարի հայտարարությունը եւ ԱՄՆ-ում վառելիքի ապրանքային պաշարների աճի ակնկալիքների մասին տվյալները նավթի գների նվազման պատճառ են դարձել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ըստ աղբյուրի՝ Brent նավթի դեկտեմբերի ֆյուչերսները լոնդոնյան բորսայում էժանացել են մեկ բարելի դիմաց 82,09 դոլարի:  WTI նավթի ֆյուչերսների գները Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել են  բարելի դիմաց 77,11 դոլարի:

Քուվեյթի նավթի նախարար Ալի Ալ Օմարը հայտարարել էր, որ իր կարծիքով Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նոյեմբերի նիստի արդյունքում նավթի արդյունահանման հավաքական քվոտան նվազեցնելու մասին որոշում չի կայացնի:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը հերթական հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին, արդյունահանման հավաքական քվոտան այժմ օրական 30 մլն բարել է: Վերլուծաբանները միասնական կարծիք չունեն, թե հանդիպմանը կազմակերպությունն ինչ որոշում կկայացնի:

Ըստ  Bloomberg-ի ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ աճել են վեցերորդ անգամ անընդմեջ: Այս անգամվա աճը, ենթադրաբար, կազմել է 1 մլն բարել: