Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը: Առաջին հանդիպումը ժամը 19:00-ին կանցկացնեն Հոլանդիայի եւ Բրազիլիայի հավաքականները: Մրցաշարային ցանցն այնպես է դասավորվել, որ այս խաղը կարելի է համարել վաղաժամ կիսաեզրափակիչ, քանի որ Հոլանդիա – Բրազիլիա զույգի հաղթողը եզրափակիչի ուղեգրի համար մրցելու է կամ Ուրուգվայի, կամ Գանայի հետ: Սենսացիայի հավանականություն միշտ էլ կա, բայց միայն ֆանտաստներն այսօր կարող են ասել, որ Հոլանդիայի կամ Բրազիլիայի համար այդ թիմերն անցողիկ չեն: Այնպես որ վստահությամբ կարելի է ասել` Հոլանդիա – Բրազիլիա այսօրվա խաղում վիճարկվում է եզրափակիչի առաջին ուղեգիրը: Իսկ հոլանդացիներն աշխարհի առաջնության եզրափակիչում չեն եղել հեռավոր 1978թ. ի վեր: Այնպես որ նարնջագույնների ցանկությունը հսկայական է: Այդուհանդերձ, բուքմեյքերները նախապատվությունը տալիս են աշխարհի հնգակի չեմպիոններին. Հոլանդիայի հաղթանակ` 4.25, ոչ ոքի` 3.20, Բրազիլիայի հաղթանակ` 1.88: