Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաեւ  ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը:

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են վարչական շրջաններում ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի, ձյան եւ ցածր ջերմաստիճանային պայմաններում սանմաքրման մեքենամեխանիզմների աշխատանքի վիճակի, բազմաբնակարան շենքերում իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաեւ տեխնիկական աղի ու ավազի կուտակման մասին: 

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել վարչական շրջաններում դեռեւս առկա որոշակի տեխնիկական խնդիրները: Բարձրադիր վարչական շրջանների ղեկավարներին ցուցում է տրվել վարչական շրջանների համապատասխան հատվածներում ապահովել աղ ու ավազով լցված տարողություններ` ճանապարհների տեխնիկական մշակումն ավելի օպերատիվ կազմակերպելու նպատակով:

Պատասխանատուներին հանձնարարվել է ձմռան ամիսներին մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին ներգրավել նաեւ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում՝ շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան ներգրավել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ հատուկ ուշադրություն դարձնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներին` անխափան ջրամատակարարում ապահովելու եւ ենթակառուցվածքների սառեցման դեպքերից խուսափելու համար:

Այս համատեքստում «Երեւան Ջուր» ընկերության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրվել է ջրամատակարարման գրաֆիկների կարգավորման եւ ձմռան ամիսների ընթացքում հերթապահ խմբերի  քանակի ավելացման վրա: «Երեւանգազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները քաղաքապետի առաջին տեղակալին տեղեկացրել են, որ  հիմնականում ավարտել են ձմռան աշխատանքային ռեժիմի անցման գործընթացը, ավելացրել են վթարավերացնող խմբերի քանակը:  «Երքաղլույս» ընկերության տնօրենին հանձնարարվել է գույքագրել շարքից դուրս եկած էլեկտրական լամպերը եւ նորերով փոխարինել բակերի, ստորգետնյա եւ վերգետնյա անցումների լուսատուները:

Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ ինչպես պետական այնպես էլ երթուղիները սպասարկող մասնավոր ընկերություններում ընթանում են ամառային անվադողերը ձմեռայիններով փոխարինելու աշխատանքները:

Առաջիկա օրերին լրատվամիջոցներով հանդես կգա նաեւ ճանապարհային ոստիկանությունը` երթեւեկության բոլոր մասնակիցներին հորդորելով տրանսպորտային միջոցները ապահովել ձմեռային անվադողերով` խցանումներից ու դժվարանցանելիության դեպքերից խուսափելու համար: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նույնպես հիմնականում պատրաստ են ձմռանը: Մի քանի հաստատություններում առկա տեխնիկական որոշ խնդիրներ, առաջիկա օրերին սպասարկող ընկերության հետ համագործակցելով, լուծում կստանան: Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել առավելագույն արագ ու  արդյունավետ: Ամբողջ գործընթացը կվերահսկեն քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը` իրավիճակի մասին ամենօրյա ռեժիմով զեկուցելով Երեւանի քաղաքապետին: