Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում այսօր կհանդիպեն Ուրուգվայի եւ Գանայի հավաքականները: Գանայից ոչ ոք չէր սպասում այսպիսի առաջխաղացում: 1/8-րդ եզրափակիչում աֆրիկացիները հանդիպեցին ԱՄՆ-ի հետ, որն էլ համարվում էր ֆավորիտ, սակայն լրացուցիչ ժամանակում Ասամոա Գյանի դիպուկ հարվածը քառորդ եզրափակիչ դուրս բերեց Գանայի ֆուտբոլիստներին: Ուրուգվայի հավաքականը շատ հավասարակշռված խաղ է ցուցադրում: Խմբային փուլում Ուրուգվայը ոչ մի գնդակ բաց չթողեց: Միակ գոլն առայժմ Ուրուգվայը ստացել է Հարավային Կորեայից 1/8 եզրափակչում, սակայն պատասխանել է Սուարեսի դուբլով:
Երկու թիմերի համար էլ կիսաեզրափակիչ դուրս գալը կլինի մեծագույն նվաճում: Ուրուգվայը ուժեղագույն քառյակում չի եղել 1970թ.-ից, իսկ Գանայի համար քառորդ եզրափակիչն արդեն պատմական նվաճում է: Աշխարհի կրկնակի չեմպիոն ուրուգվայցիներին հաղթանակը կհիշեցնի փառավոր անցյալը, իսկ Գանայի դուրս գալը կիսաեզրափակիչ կդառնա համաաֆրիկյան իրադարձություն: Դեռ ոչ մի աֆրիկյան թիմ կիսաեզրափակիչում չի եղել:
Բուքմեյքերների կանխատեսումը. Ուրուգվայի հաղթանակ` 2.00, ոչ ոքի` 3.10, Գանայի հաղթանակ` 3.90:



























