Հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները դուրս բերելուց զատ՝ զինված ուժերի իրականացրած օպերացիան կարեւոր էր նաեւ ապագայի համար, այն զսպելու է պատերազմ սկսելու Ադրբեջանի ախորժակը, հետաձգելու է հնարավոր ռազմական գործողությունները: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը:

Նա նախ շնորհավորեց Պաշտպանության նախարարությանը՝ իրականացրած փայլուն գործողության համար: Նախկին նախարարի կարծիքով՝ ամեն ինչ շատ ճիշտ, գրագետ էր կազմակերպված: «Շատ ճիշտ էր, որ ուղղաթիռին ընկնելուց հետո միանգամից ռազմական գործողությունները չանելը, նախ պետք էր պատրաստվել դրան եւ փորձել բոլոր խաղաղ միջոցները, դիմել միջազգային կազմակերպություններին եւ այլն, անհեթեթություն էր թույլ չտալ դիակները չվերցնել:  Քաղաքական տեսակետից եւս ամեն ինչը գրագետ էր հաշվարկված, գործողությունը եղավ այն պահին, երբ արդեն խնդիրը լուծելու բոլոր խաղաղ միջոցները սպառված էին, մնացել էին միայն այդ միջոցը: Գործողությունը կատարվել էր փայլուն, դա ասում եմ՝ հետեւելով մամուլին եւ ունենալով ներքին ինֆորմացիա»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը շնորհավորեց զինծառայողներին, որ այդպիսի համարձակ եւ խելացի ձեւով, ցուցաբերելով զինվորական մեծ հմտություն, կարողացան հարցը լուծել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է ունեցել, տարհանման գործողության արդյուքնում հայկական կողմից ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: