Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած սպասի Եվրասիական միությանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին Եվրասիական միությանը երկրի անդամակցության շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ եթե անգամ Հայաստանն ընտրեր եվրաինտեգրման ուղին, եւ եթե անգամ հայտնվեր Եվրամիությունում, դա ամենեւին չէր նշանակի, որ բոլոր խնդիրները ինքնուրույն կլուծվեն: Վառ օրինակ է Հունաստանը, որը վաղուց է անդամակցում ԵՄ-ին, սակայն կանգնած տնտեսական ճգնաժամի առջեւ:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այն մեծ չի լինի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Եվրամիությունում, հավելեց պետպաշտոնյան: Eurostat-ի տվյալներով՝ 2012թ. ԵՄ-27-ում տնտեսական անկումը կազմել է 0,4%, 2013թ. այն ավելացել է 0,1%-ով: Այս տարի սպասվում է  0,4%-անոց աճ, սակայն մի շարք հեղինակավոր տնտեսագետներ, այդ թվում՝ Նուրիել Ռուբինին զրոյական աճ են կանխատեսում: