Եվրասիական միությունում Հայաստանն ամենեւին էլ պակաս օգուտ չի ստանա, քան կարող էր ստանալ Եվրամիությունից: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին Պայմանագրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ մի շարք միջազգային ուսումնասիրությունների համաձայն՝ Եվրամիության հետ ասոցացումից Հայաստանի օգուտը կկազմեր տարեկան 0.6% կարճաժամկետ եւ 1.6-1.7% երկարաժամկետ տնտեսական աճ: Դա նշանակում է տարեկան շուրջ 190 մլն դոլար:

Մյուս կողմից, Եվրասիական տնտեսական միությունում անդամ-երկրները միմյանց հանդեպ արտահանման տուրքեր չեն կիրառում: Համապատասխանաբար, Ռուսաստանը Հայաստանի հանդեպ չի կիրառում գազի, նավթամթերքի եւ ալմաստի տուրքեր: «Միայն գազի մասով շահույթը կկազմի տարեկան 132-140 մլն դոլար: Էլ չեմ խոսում առեւտրային արգելքների վերացման մասին, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ»,- հայտարարեց Արամյանը:

Այսպես, Եվրոպայի փորձով, երբ 1992 թվականին՝ Մաաստրիխտի համաձայնագրի նախաշեմին, երկրները որոշեցին ազատվել մաքսային բոլոր գործընթացներից, ինտեգրման արդյունքը կազմեց ՀՆԱ-ի 2-2.5% աճի: «Կարծում եմ՝ այդ ցուցանիշը կարելի է ակնկալել նաեւ Հայաստանի դեպքում»,- հավելեց Արամյանը: