Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը ռազմատեխնիկայի ներմուծման արտոնություններ կստանա: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին Պայմանագրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ հավելելով, որ նման արտոնություններ կկիրառվեն ինքնաթիռների եւ այն տեխնիկայի պարագայում, որոնք անհրաժեշտ են ՀԱԷԿ-ի արդիականացման համար, ինչպես նաեւ կրթական, գիտական եւ մշակութային նշանակության ապրանքների դեպքում:

ԵՏՄ-ի շրջանակում նախատեսվում է մաքսատուրքերից ազատել 752 ապրանքախմբեր: Առաջիկա 2-8 տարիներին կպահպանվեն Հայաստանի գործող մաքսային դրույքաչափերը: Դրանցում ներառվում են կարեւորագույն սպառողական ապրանքներն ու արդյունաբերական հումքը, էներգակիրները, ավտոմեքենաները, դեղագործությունը:

Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ի մաքսատուրքերը հայկականից ավելի բարձր են, բայց 18 խմբերի պարագայում՝ հակառակը, ցածր են: Դրանց թվում են Հայաստանում արտադրվող մի շարք գյուղապրանքներ, որոնց պարագայում պետությունը ցանկանում է պահպանել մրցունակությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանին հաջողվել է պահպանել դրանց մաքսատուրքերի դրույքաչափերը:

2015-18 թ.թ. Հայաստանը բանակցություններ կվարի ԱՀԿ երկրների հետ, որոնց շահերը կշոշափվեն ԵՏՄ դրույքաչափերի միասնական մակարդակով մաքսատուրքերի բարձրացման առումով: Ըստ Տարասյանի՝ ԱՀԿ-ին այդ մասին արդեն տեղեկացվել է:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ, սպասվում է երկրի խորհրդարանում անդամակցության մասին Պայմանագրի վավերացումը: