Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների հոգեհանգստիստն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ավարտվեց ժամը 20։00-ին։ (ֆոտոռեպորտաժ)

 Չնայած ձնախառն անձրեւին եւ ցուրտ եղանակին, մարդկանց հոսքը եկեղեցի մի քանի ժամ չէր դադարում։ Զոհված զինծառայողներին վերջին հրաժեշտը տալու եւ նրանց ընտանիքներին զորակցություն հայտնելու, սփոփելու եկած մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ ստիպված էին խումբ-խումբ ներս թողնել։

Հասարակ քաղաքացիները, քաղաքական գործիչները, զինվորականները, պաշտոնյաները՝ բոլորը, ովքեր 10 օր շարունակ շունչը պահած հետեւել էին խոցված ուղղաթիռի շուրջ զարգացումներին, եկեղեցուց դուրս էին գալիս արցունքն աչքերին, ոմանք ծնկի էին գալիս աճյունների մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպաններին։

Նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես մասնակցում էր հոգեհանսգտյան արարողությանը հերթով մոտեցավ զոհվածների հարազատներին, ցավակցեց եւ ներողություն խնդրեց.«Կներեք, որ չկարողացանք փրկել»։

Նշենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ նրանց կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։