ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ դաշնակցության ցանկացած պայմանագրի օրինականություն, հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի եւ վրացական Աբխազիա մարզի միջեւ այսպես կոչված որեւէ պայմանագրի օրինականությունը», - Ռատկեի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
«Մենք Ռուսաստանին կրկին կոչ ենք անում կատարել բոլոր պարտավորությունները՝ համաձայն 2008թ. զինադադարի համաձանագրի, զորքերը դուրս բերել նախքան հակամարտությունը զբաղեցրած դիրքեր, հրաժարվել վրացական Աբխազիա եւ Հարավային Օսիա շրջանները անկախ պետություններ ճանաչելուց եւ այդ շրջաններ հումանիտար օգնության ազատ մուտք ապահովել», - ասել է Ռատկեն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի ղեկավար Ռաոլ Հաջիմբան նոյեմբերի 24-ին դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տիրույթի ձեւավորում, այդ թվում նաեւ՝ երկու պետությունների զորքերի միացյալ խմբավորում ստեղծելով, որոնք ենթարկվելու են միացյալ հրամանատարությանը:




























