ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Հարսնաքարի» գործով դատապարտյալների բողոքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դատապարտյալները դիմել էին Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումները,  գործն ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ, սակայն այն վարույթ չի ընդունվել: Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկված դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է որոշումներում դրան տրված մեկնաբանությանը, ինչպես նաև, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Նորայր Հայրապետյանի եւ Արման Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ Վճռաբեկ դատարանի որոշումը չեն ստացել: Նա նշեց, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։