ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն իր կայքում կհրապարակի այն ընկերությունների ցանկը, որոնք նախկինում աշխատանքի են վերցրել արտասահմանցիների կամ պատրաստվում են դա անել: Դրա շնորհիվ միգրանտները կարող են ինքնուրույն գտնել օրինական աշխատանք, ինչը նրանց կապահովագրի խաբեբաներից եւ ստրկությունից, իսկ ԴՄԾ-ն ներգաղթը վերահսկելու հավելյալ հնարավորություն կստանա, փոխանցում է «Իզվեստիան»:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության առիթ է հանդիսացել արտասահմանցիների եւ առանց վիզա երկրների քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման համակարգում ակնկալվող փոփոխությունը: Այն կփոխարինեն միասնական պատենտով, որը արտասահմանցուն թույլ կտա աշխատել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ: Համապատասխան օրենքն արդեն երրորդ ընթերցմամբ հաստատվել է Պետդումայում:

Անհատական պատենտը հնարավոր կլինի գնել սահմանն անցնելուց հետո 30 օրվա ընթացքում՝ համապատասխան մարմին դիմելով անձամբ:  Դրա գործողության ժամկետը 1 ամիս է, բայց պատենտը կարելի է երկարացնել մինչեւ մեկ տարով: Պատենտի արժեքը յուրաքանչյուր շրջան ինքը կսահմանի՝ կախված բնագավառից: Ամենաէժան պատենտները կլինեն այն ոլորտներում, որտեղ աշխատուժի մեծ պահանջարկ կա:

Ենթադրվում է, որ ԴՄԾ կայքում տեղեկություններ կլինեն գործատուի, թափուր հաստիքների, մասնագիտությունների եւ աշխատողների անհրաժեշտ որակավորման մասին: