Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ եւ տղամարդու հավասարության եւ իրավունքների հետ կապված սկանդալային հայտարարություն է արել՝ պնդելով, թե տղամարդը եւ կինը չեն կարող հավասար լինել։

Թուրքական Mynethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Ստամբուլում մասնակցել է Կնոջ եւ արդարության միջազգային գագաթնաժողովին եւ ելույթ ունեցել։ Էրդողանն իր խոսքում նշել է, թե ասում են, որ կինը եւ տղամարդը հավասար են, սակայն ճիշտն այն է, որ կինն այլ կանանց հետ պետք է հավասար լինի։ «Տղամարդն էլ այլ տղամարդկանց պետք է հավասար լինի։ Արդարադատության տեսանկյունից կինը պետք է հավասար լինի տղամարդուն։

Չեք կարող կնոջը եւ տղամարդուն հավասար հարթության մեջ դնել։ Կնոջ եւ տղամարդու հավասարությունը դեմ է բնությանն ու կրոնին։ Չեք կարող աշխատանքում հղի կնոջ եւ մի տղամարդու նույն պայմաններով աշխատաեցնել։  Կանայք չեն կարող տղամարդկանց արած ամեն աշխատանքն իրականացնել, ինչպես դա անում էին կոմունիստական երկրներում։ Մեր կրոնը կնոջը մի իրավունք է տվել՝ մայրության իրավունք։ Սակայն այս ամենը ֆեմինիստներին չի լինի բացատրել, քանի որ նրանք մայրությունը չեն ընդունում»,-ասել է Էրդողանը։

Էրդողանի այս հայտարարությունը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։