Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Մովսես համայնքների ղեկավարներն արդեն ամփոփում են այս տարվա աշխատանքները, ինչպես նաեւ ներկայացնում առկա խնդիրները: գյուղ: Այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ներկայացրեց, թե պետության կողմից ինչ աջակցություն է ստանում սահմանամերձ գյուղը:

«Հուլիսին, երբ իրավիճակն այնքան լարված էր, կազմալուծվել էր համայնքը, նույնիսկ վերին թաղամասի հետ կապը կտրվել էր: Պետության աջակցությամբ կառուցապատեցինք հենապատ, որ մարդիկ կարողանային ազատ տեղաշարժվել: Աջակցությունը միշտ էլ եղել է եւ կա. սերմնացուներ են տալիս, ամենայն հավանականությամբ շուտով նաեւ գյուղտեխնիկա կստանանք: Պաշտպանության նախարարն էլ տասն օրը մեկ անգամ այցելում է: Երբ իրավիճակը լարված էր, խմբակցություններն էլ եկան»,- ասաց գյուղապետը:

Մարզի մեկ այլ համայնքի` Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ նշեց, որ իրենց համայնքի խնդիրների մի մասն արդեն իրականություն են դարձել:

«Ջրամատակարման խնդիրն է լուծվել, բուժական ամբուլատորիա ունենք, հրշեջ եւ շտապօգնության մեքենաներ ենք ստացել»,- ավելացրեց Մովսեսի գյուղապետը:

Նշենք, որ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակում էր հայկական գյուղերի ուղղությամբ: