1980 – 1988թթ. Հյուսիսային Ղարաբաղի տարածքում դեռեւս շուրջ 2600 հայկական հուշարձաններ կային: Այս մասին նոյեմբերի 25-ին Հյուսիսային Ղարաբաղի թեմայով քննարկումների ընթացքում հայտարարել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Քննարկումը կազմակերպել էր Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը, այն նվիրված էր Հյուսիսային Ղարաբաղից հայերի արտաքսման 26-րդ տարելիցին:
Մինչեւ 1988թ. վերջ, ըստ Կարապետյանի, Հյուսիսային Ղարաբաղում գրեթե 50 հայկական գյուղ կար:
«Ադրբեջանի իշխանություններն այստեղ հայկական հուշարձանների «մաքրում» էին իրականացնում: Ուրիշի տարածքում իրենց հայրենիքը կերտելու ճանապարհին ադրբեջանցիները մնում են այն կարծիքին, որ նախորդ ժողովրդից մնացած հուշարձանները իրենց խանգարում են՝ վկայելով ճշմարտության մասին»,- նշել է Սամվել Կարապետյանը: Նրանք այնքան հիմար են, հավելել է փորձագետը, որ եւ ավերում են հուշարձանները, եւ այդ լուսանկարները համացանցում զետեղում:




























