ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս միգրանտների աշխատանքի թույլտվությունը փոխարինել պատենտներով: Փաստաթուղթը նոյեմբերի 14-ին ընդունել էր Պետդուման, Դաշնության խորհուրդն այն հավանության էր արժանացրել նոյեմբերի 19-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր կարգը կգործի 2015թ. հունվարի 1-ից՝ այն արտասահմանցիների նկատմամբ, որոնց ՌԴ տարածքում գտնվելու համար չի պահանջվում մուտքի արտոնագիր: Պատենտների ձեւակերպումն արվում է այն դեպքում, եթե քաղաքացին միգրացիոն քարտում որպես այցի նպատակ մատնանշել է աշխատանքը: Պատենտի հիմքով արտասահմանյան աշխատուժ  կարող են ներգրավել իրավաբանական անձինք եւ մասնավոր ձեռնարկատերերը:

Անհատական պատենտ ստանալու դիմումը հարկ է ներկայացնել սահմանն անցնելուց հետո 30 օրվա ընթացքում՝ համապատասխան մարմին դիմելով անձամբ: Դրա գործողության ժամկետը 1-12 ամիս է: Պատենտը կձեւակերպեն լիազոր մարմինները՝ ԴՄԾ-ի հետ կամագործակցությամբ: Օրենքի հիմնական դրույթները ուժի մեջ կմտնեն 2015թ. հունվարի 1 –ից, պատկան մարմինները աշխատանքը կսկսեն 2016թ. հունվարի 1 –ից:

Օրենքը նաեւ պարտավորեցնում է ներկայացնել դատվածություն չունենալու ապացույց, մնալու վայրի առկայություն, բժշկական կամավոր ապահովագրման փաստաթուղթ եւ ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարում, ինչն էլ պայմանավորում է պատենտի արժեքը: