3 հուլիսի, Քեյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն
Մրցավար` Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)
Մյուլլեր, 3 (0:1), Կլոզե, 68 (0:2), Ֆրիդրիխ, 74 (0:3), Կլոզե, 89 (0:4)
Եվրոպական ֆուտբոլը հոլանդացիների և գերմանացիների շնորհիվ պահպանեց վարկը: Պայքարում մնացած եվրոապական երեք թիմերից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են: Հերթը իսպանացիներինն է: Իսկ հարավամերիկացիների երկու գլխավոր հարվածային ուժերը ամբողջովին ձախողվեցին: Այն, ինչ արեց գերմանական բունդեսթիմը Դիեգո Մարադոնայի աստղային թիմի հետ անհավանական էր թվում: Սակայն արգենտինացիները լիովին տանուլ տվեցին դաշտի կենտրոնը, իսկ պաշտպանությունն էլ չդիմացավ Գերմանիայի հրաշալի հարձակվողների ճնշմանը: Արդեն 3-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը շոկային վիճակի մեջ գցեց մրցակցին: Իսկ ընդմիջումից հետո դուբլի հեղինակ դարձավ Միրոսլավ Կլոզեն, որին մեկ գոլ չի հերիքում աշխարհի առաջնությունների լավագոյն ռմբարկու Ռոնալդոյին հավասարվելու համար: Կլոզեն խփեց իր 14-րդ գնդակը: Ռոնալդոն 15 անգամ է գրավել մրցակցի դարպասը: Այսօր աչքի ընկավ նաև Արնե Ֆրիդրիխը: Առաջին լուրջ մրցակիցը Դիեգո Մարադոնայի հավաքականի համար եղավ նաև վերջինը: Գերմանիան կիսաեզրափակիչում է և սպասում է Պարագվայ – Իսպանիա զույգի հաղթողին:



























